Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի: Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով:
Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:


Նեմրութի բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Երիտասարդ բազմածին հրաբուխ է, որն այժմ էլ գործում է, խառնարանից և նրա լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ: Նեմրութի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր Կալդերա: Կալդերան (պորտուգ.՝ caldera — կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։  Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում, տրամագիծը՝ 8 կմ, որի արևմտյան մասում տարածվում է խառնարանային լիճը 9 կմ² մակերեսով: Գտնվում է 2500 մ բարձրության վրա: Նախկինում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, որոնք փակել են Վանա լճի գոգավորությունը և ստեղծվել է լիճը: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ-ին, ըստ անգլիացի երկրաբան  Ֆ.Օսվալդիի: Նա մասնակցել է Հ. Ֆ. Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907 թ): 

Թոնդրակի բարձրությունը 3533 մ է: Այն բազմածին հրաբուխ է:  Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ  տաք աղբյուրներ:  Էլիզե Ռեկլյուն գրում է, որ Թոնդրակի խառնարանը 350 մ խորություն ունի: Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր: Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ: Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:
Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է:
Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: