Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Կասկադ համալիր

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878–1936): Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից: 
Կասկադ ճարտարապետական-կոթողային համալիրը ստեղծվել է 1970թ. Երևանում։ Համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակ զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝  Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: 2002թ. ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը՝ (շուրջ 13 հեկտար), տրամադրվեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամին, այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան: Թամանյանի պուրակը ևս տրամադրվեց թանգարանին: 
 2009թ. նոյեմբերի 8-ի պաշտոնական բացումով Կասկադ համալիրը վերափոխվեց ժամանակակից արվեստի կենտրոնի։ Այժմ այստեղ է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Աստիճանների թիվը 572 է, Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302մ, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450մ: Համալիրի առջևում վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), իսկ համալիրի վերևում գտնվում է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր-հուշակոթողը։ Այս նախագծով Կասկադի հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը և Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, "Հյուսիսային ճառագայթը", որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ: Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր:
 Կասկադի բոլոր հարթակներից հիասքանչ տեսարաններ են բացվում դեպի քաղաք և Արարատյան դաշտավայր: Ամբողջ համալիրը յուրօրինակ ամֆիթատրոն է, որը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ:  
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: