Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Նորավանքի վանական համալիր

Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։
Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թվականին այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսանիստ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։
1238 թվականին վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն, Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվել, որը հնարավորություն է ընձեռել վերակառուցելու վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։
Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր հոգևորական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը` հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության։

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: