Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Սևանա լիճ

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: 

Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ:

Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով։ 

Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:

Լճի անվան ծագման մասին կան տարբեր լեգենդներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան: 
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: