Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների հիմնական վայրը։
Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ 
Հանրապետության հրապարակը ժամանակին կոչվում էր Լենինի հրապարակ, իսկ հարավային մասում կանգնեցված էր Լենինի մեծադիր արձանը, որն ապամոնտաժվել է Սովետական Միության փլուզումից հետո։
Ներկայումս Հանրապետության հրապարակը ձևավորում են հինգ կարևոր ու տպավորիչ շենքեր` կառուցված 1920-1950-ականներին։ Աջ կողմում Կապի և արհմիությունների շենքն է. այս շենքում է այսօր գործում ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը։ Անմիջապես վեր ՀՀ Կառավարության 1-ին շենքն է ` մեծ աշտարակ-ժամացույցով. նախագծել է ճարտարապետ Գ. Թամանյանը։ Այս հոյակերտ շինությունը այսօր էլ ՀՀ Կառավարության նստավայրն է։ Ազգայինի ներդաշնակ համադրությունները չեն խանգարել ունենալ միանգամայն դասական մոնումենտալ ճարտարապետություն։ Իսկ տուֆի գունային համադրությունների շնորհիվ այն բացարձակապես չի ճնշում իր մոնումենտալությամբ։
Հրապարակի մյուս յուրօրինակ շինություններից է Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը։ Շենքի ճակատային մասն ու սյունաշարը աչքի են ընկնում իրենց համաչափությամբ։ Առաջին հարկը կառուցվել է Թամանյանի նախագծով, այնտեղ գործում է Հայաստանի պատմության թանգարանը։ Այս հարկի տակ ցուցադրվող նախապատմական և փոքրասիական գտածոների հավաքածուն կարող է դասվել աշխարհի լավագույնների շարքը։ Հետագայում ավելացվել են շենքի վերին հարկերը։ Հայաստանի ազգային պատկերասրահը, որը գտնվում է նույն շենքում, հայտնի է Ռեմբրանդտի, Տիցիանի և հայ ու ռուս աշխարհահռչակ վարպետների գործերի հարուստ հավաքածուով։ Շենքի ձախ թևում «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է. սկզբնական տեսքով պահմանվել է միայն Աբովյանի փողոցի ճակատը։ Շենքի հետևից Չարենցի անվան գրականության և արվեստի և նկարիչ Մարկոս Գրիգորյանի կամ Միջին Արևելքի թանգարանների մուտքն է։
Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հարավարևմտյան շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հանրապետության հրապարակի հորինվածքային և ոճային միասնությունը։ Ձախ կողմում հրապարակը ձևավորող վերջին շենքն է` «Արմենիա» հյուրանոցը։
Ազգային պատկերասրահի շենքի առջև կազմակերպված են երգող շատրվաններ (23), որոնց շնորհիվ Հանրապետության հրապարակը դարձել է երևանցիների սիրելի ժամանցի վայրերից. այստեղ հաճախ բացօթյա համերգներ են կազմակերպվում։ 
Գրող և ճանապարհորդ Դեերդո Հոլդինգը Հանրապետության հրապարակը կոչել է «20-րդ դարում աշխարհում կառուցված լավագույն կենտրոնական հրապարակներից մեկը»։
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: