Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Սուրբ Սարգիս եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, Հրազդանի ձախ ափին, Իսրայելյան փողոց, 19 հասցեում: Եկեղեցու այժմյան շինությունը կառուցվել է 1842թ.: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի օրոք, 1976 թ. լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նիրատվությամբ նորոգվել ու բարեկարգվել է:


Դեռևս քրիստոնեության վաղ շրջանում Երևանի բերդի դիմաց` Հրազդանի ձախ ափին, գործում էր մի վանք-անապատ: Դա պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը` կաթողիկոսական իջևանատեղ: 1679թ. տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սուրբ Սարգիսը վանք-անապատի մյուս շինությունների հետ միասին ավերվում է: 1842թ. նույն տեղում վերակառուցվում է ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին: Իր ներքին ու արտաքին ճարտարապետական կառուցվածքով, որպես առաջնորդանիստ եկեղեցի, Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր:


Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի կազմած նախագծով 1972թ. սկսվել է եկեղեցու նորոգումը: Սուրբ Սարգիս եկեղեցու հին շենքի ճակատները երեսպատվել են նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր: 1971-1976 թթ. եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: 


Այժմ Սուրբ Սարգիս եկեղեցին Արարատյան հոգևոր թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, որտեղ կատարվում են հարսանեկան և մկրտության արարողակարգեր։
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: