Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Yerevan Brandy Company

1874 թ. մարտի 6-ին Երևանի Շոսեյնայա փողոցում՝ սեփական տանը հիմնվեց Երևանի առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N1 գործարան։ Ավելի ուշ՝ 1880-ականներին Թայիրյանի հրավերով Երևան է ժամանել թիֆլիսաբնակ գինեգործ Գարեգին Խարազյանցը՝ գործարանում աշխատելու։
1865 թ. Ներսես Թաիրյանը ձեռք է բերել Երևանի բերդի տարածքի մի մասը, իսկ Երևանի Կոնյակի գործարանի շինարարությունն ավարտվել է 1887 թվականին։ Կոնյակի և օղու գործարանի հիմնադրման գաղափարը պատկանել է Թայիրյանի եղբորը՝ Վասիլի Թաիրյանին, ով ճանաչված գինեգործ էր Օդեսայում և միևնույն ժամանակ Պետերբուրգում լույս տեսնող "Вестник виноделия" ամսագրի խմբագիրն էր։ Գործարանի կառուցմանը օգնել է Թաիրյանի ազգական, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Սկզբում գործարանն արտադրում էր միայն գինի, իսկ 10 տարի անց անցավ կոնյակի արտադրության։
Թաիրյանը կապեր է ունեցել Երևանի հնաբնակների հետ և, ըստ երևույթի, նրանցից իմացել է, որ արարատյան դաշտի վազը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և հարմար է կոնյակի արտադրության համար։
1892 թ. հոկտոմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր Ներսես Թաիրովի հրավերով Մկրտիչ Մյուսինյանցն աշխատանքի է անցնում գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ, իսկ հետագայում՝ գործարանի կառավարիչ: Մուսինյանցի նախաձեռնությամբ ներկրվում են ֆրանսիական ագրեգատներ, իսկ աշխատողների թիվն ավելանում է:
Քանի որ Ներսես Թաիրյանը չուներ ժառանգներ, 1899 թ. գործարանը վաճառվեց մոսկովյան վաճառական և գինեվաճառ Նիկոլայ Շուստովին, ով գինու գործարաններ ուներ Ռուսաստանում։
Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակը ունեցավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։
1914 թ. ապրիլի 18-ի գիշերը անդադար անձրևի և սառնամանիքի պատճառով վնասվեց խաղողի գրեթե ողջ բերքը։ Մթերվեց բերքի միայն 20%-ը։ Այս դեպքը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտից ուղիղ մեկ տարի առաջ։
Պատերազմից հետո գործարանի տարածքում գործել է կացարան՝ ռուս երեխաների համար։ Երեխաներին որոշ ժամանակ խնամելուց հետո ուղարկում էին Ռուսաստան կամ հանձնում հայկական որբանոցներին։ Գործարանի տարածքում բնոկվողների համար վառելափայտը, կերոսինը և էլեկտրականությունը անվճար էր։
1921 թ. գործարանը պետականացվեց։
1948 թվականին Երևանի գինու-կոնյակի գործարանի (այդպես էր կոչվում նախկին շուստովյան գործարանը) վերակազմավորման արդյունքում առանձնացան Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը։
1953 թվականին ավարտվեց ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված նոր շենքի կառուցումը և տեղափոխությունը, Երևանի կոնյակի գործարանը լիովին առանձնացավ։ 1953-1991 թվականներին Երևանի կոնյակի գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը։ 1991 թվականից այդ մենաշնորհը վերացվեց։
Երևանի կոնյակի գործարանը 1998 թվականին սեփականաշնորհվեց և մտավ «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը 30 մլն. դոլար էր։
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: