Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Առողջարանային հանգստի գոտիներ. Ջերմուկ, Դիլիջան, Աղվերան, Ծաղկաձոր

Առողջարանային հանգստի գոտիներ. Ջերմուկ, Դիլիջան, Աղվերան, Ծաղկաձոր

Հայաստանի լավագույն հանգստավայրերը պատրաստ են հյուրընկալելու տարբեր հետաքրքրություններ ու ճաշակ ունեցող մարդկանց: Մեզ մոտ գալիս են վայելելու բնությունն ու լեռնային օդը, շոշափելու պատմական ու ճարտարապետական հուշակոթողները, բուժվելու, ադրենալինի մակարդակն ավելացնելու, ազգային կերակրատեսակները ճաշակելու, գինին ու կոնյակը համտեսելու համար:

Ներկայացնենք Հայաստանի լավագույն վայրերը, որտեղ կան թե՛ առողջարաններ, թե՛ հանսգտի ու ժամանցի համար նախատեսված համալիրներ:



Աղվերան

Լեռնային առողջարանային հանգստավայրը՝ Աղվերանը, Երևանից հեռու է ընդամենը 50 կմ, գտնվում է Կոտայքի մարզում՝ ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա: Եթե հոգնել եք քաղաքի աղմուկից ու մշտական սթրեսից, ապա անշուշտ կհավանեք այս անդորրավետ վայրը, քանի որ այստեղ հնարավոր է առանձնանալ բնության հետ, հիանալ ալպիական մարգագետիններով ու ձյունասպիտակ գագաթներով, վայելել մաքուր օդը: Այստեղից կարելի է գնալ մոտակա Ծաղկունյաց լիճ և զմայլվել վճիտ ջրով: Այլ կերպ ասած՝ առողջությունը բարելավելու բոլոր ճանապարհներն այստեղ են բերում: Աղվերան

Աղվերանի բնական աղբյուրները հարուստ են տարբեր հանքանյութերով և առողջարար են մարսողական համակարգիհիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում:

Եթե սիրում եք ակտիվ հանգիստ, ապա ամռանը կարող եք մասնակցել քայլարշավների, լեռնագնացության: Ձմռանն այստեղ կարելի է զբաղվել ձմեռային սպորտաձևերով: Նույնիսկ երեխաներն ու սկսնակները կարող են դահուկել հմուտ մարզիչների օգնությամբ:

Այսպիսով, Աղվերան առոջղարանային և հանգստի գոտում ցանկացած սեզոնի հնարավոր է թե՛ հանգստանալ, թե՛ բարելավել առողջությունը գործող առողջարաններում, որտեղ առաջարկվում են բժշկական խորհրդատվություններ, հանքային ջրով լոգանքներ, ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա և այլն:


Ծաղկաձոր

Ծաղկունյաց լեռներում գտնվող այս հիանալի ու գեղատեսիլ վայրը ամռան ամիսներին հիացնում է իր հարուստ բուսական աշխարհով, ինչի համար էլ հավանաբար կոչվել է Ծաղիկների ձոր՝ Ծաղկաձոր: Ծաղկաձորն ամբողջ աշխարհում հայտնի է որպես Հայաստանի լավագույն լեռնադահուկային կուրորտներից մեկը, որն ունի տարբեր բարդության 15 սահուղիներ: Նոյեմբերի վերջից մինչև ապրիլի կեսերն այստեղ են գալիս էքստրեմալ սպորտի սիրահարերը՝ նյարդերը խտղտելու, իրենց խիզախությունն ստուգելու և ադրենալինով լիցքավորվելու համար:

Ծաղկաձոր


Ծաղկաձորում հանգստանալը բարենպաստ է ազդում առողջության վրա, և մեկ անգամ այստեղ լինելով՝ ցանկություն է առաջանում էլի ու էլի վերադառնալ այստեղ, կտրվել առօրյա հոգսերից ու քաղաքի թոհուբոհից, հանգստանալ հոգով ու մարմնով:


Դիլիջան

Դիլիջանը լեռնային բալնեոլոգիական կուրորտ է՝ Երևանից 100 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրույան վրա: Քաղաքն ունի ազգային պարկի կարգավիճակ, շրջակայքում բավական շատ են երկաթով ու սիլիկատներով հարուստ հանքային աղբյուրները: Բուժիչ հանքային ջուրն ըմպելի է, օգտագործվում է նաև խմելու համար: Դիլիջան քաղաքում և շրջակայքում շատ են հանգստյան տներն ու առողջարանները, որտեղ կարելի է ոչ միայն հանգստանալ, այլև բարելավել առողջական վիճակը (ոսկրերի ու թոքերի տուբերկուլոզի, ստամոքսաղիքային հիվանդությունների, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի բուժում):

դիլիջան առողջարաններ

Դիլիջանը հայտնի է իր զարմանալի բնանկարներով ու բնությամբ: Դիլիջանի գլխավոր տեսարժան վայրերից են Հաղարծին վանական համալիրը և Գոշավանքը, Պարզ լիճը և էքստրիմ պարկը:


Ջերմուկ

Հայաստանի հանքային կուրորտները քաջ հայտնի են զբոսաշրջիկներին: Ամենահայտնիներից մեկը Ջերմուկն է՝ հանքային աղբյուրներով հարուստ հանգստյան և առողջարանային գոտին: Ջերմուկի առողջարաններում զբաղվում են մաշկային, հենաշարժիչ համակարգի, միզասեռական համակարի, մարսողական և սիրտանոթային համակարգերի, շնչառական օրգանների հիվանդությունների՝ այդ թվում և տուբերկուլյոզի բուժմամբ:
ջերմուկի առողջարաններ

Ջերմուկի առողջարաններում առաջարկում են՝

  • Հանքային ջրով լոգանքներ.
  • Հիդրոմերսում.
  • Ստամոքսի լվացում և հիդրոկոլոնոթերապիա (հաստ աղու մաքրում).
  • Մագնիսաթերապիա.
  • Լազերաթերապիա.
  • Պարաֆինաթերապիա.
  • Թթվածնային բուսական կոկտեյլներ:
Առողջարաններ այցելելիս ցանկալի է ունենալ բժշկական քարտ, որտեղ նշված կլինեն հիվանդություններն ու նախկինում ստացած բուժումները: Դա կօգնի առողջարանի մասնագետներին՝ լավագույնս կազմակերպել առողջարանային բուժումը:
Ջերմուկում կլիման մեղմ է, բնությունը հարուստ է ու չափավոր խոնավ: Այստեղ գալիս են վայելելու բնությունը, մաքուր օդ շնչելու և կազդուրվելու համար: Ջերմուկի հիմնական տեսարժան վայրը հանքային ջրի աղբյուրներն են ու Ըմպելասրահը, որտեղ կարելի է ճաշակել 35-55 աստիճան ջերմություն ունեցող հանքային ջուրը:

Ամփոփենք
Եթե մոտ ապագայում արձակուրդ եք պանավորում ու չգիտեք որտեղ կամ ինչպես անցկացնել հանգիստը, ապա հեռու մի՛ գնացեք, քանի որ Հայաստանում ցանկացած սեզոնի կարելի է արդյունավետ հանգստանալ: Մեր հայրենիքի չքնաղ բնությունը, պատմամշակութային հուշարձաններն ու հանգստյան գոտիները ընձեռում են լիարժեք հանգստի բոլոր հնարավորությունները: Իսկ հանգստյան տների ու առողջարանների ընտրության հարցում կարող եք օգտվել մեր կայքից, քանի որ մեզ մոտ նշված են բոլոր գները, հարմարություններն ու նկարագրերը:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: