Առողջարանային հանգստի գոտիներ. Ջերմուկ, Դիլիջան, Աղվերան, Ծաղկաձոր
Հայաստանի լավագույն հանգստավայրերը պատրաստ են հյուրընկալելու տարբեր հետաքրքրություններ ու ճաշակ ունեցող մարդկանց: Մեզ մոտ գալիս են վայելելու բնությունն ու լեռնային օդը, շոշափելու պատմական ու ճարտարապետական հուշակոթողները, բուժվելու, ադրենալինի մակարդակն ավելացնելու, ազգային կերակրատեսակները ճաշակելու, գինին ու կոնյակը համտեսելու համար:
Ներկայացնենք Հայաստանի լավագույն վայրերը, որտեղ կան թե՛ առողջարաններ, թե՛ հանսգտի ու ժամանցի համար նախատեսված համալիրներ:Աղվերան
Լեռնային առողջարանային հանգստավայրը՝ Աղվերանը, Երևանից հեռու է ընդամենը 50 կմ, գտնվում է Կոտայքի մարզում՝ ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա: Եթե հոգնել եք քաղաքի աղմուկից ու մշտական սթրեսից, ապա անշուշտ կհավանեք այս անդորրավետ վայրը, քանի որ այստեղ հնարավոր է առանձնանալ բնության հետ, հիանալ ալպիական մարգագետիններով ու ձյունասպիտակ գագաթներով, վայելել մաքուր օդը: Այստեղից կարելի է գնալ մոտակա Ծաղկունյաց լիճ և զմայլվել վճիտ ջրով: Այլ կերպ ասած՝ առողջությունը բարելավելու բոլոր ճանապարհներն այստեղ են բերում:Աղվերանի բնական աղբյուրները հարուստ են տարբեր հանքանյութերով և առողջարար են մարսողական համակարգիհիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում:
Եթե սիրում եք ակտիվ հանգիստ, ապա ամռանը կարող եք մասնակցել քայլարշավների, լեռնագնացության: Ձմռանն այստեղ կարելի է զբաղվել ձմեռային սպորտաձևերով: Նույնիսկ երեխաներն ու սկսնակները կարող են դահուկել հմուտ մարզիչների օգնությամբ:
Այսպիսով, Աղվերան առոջղարանային և հանգստի գոտում ցանկացած սեզոնի հնարավոր է թե՛ հանգստանալ, թե՛ բարելավել առողջությունը գործող առողջարաններում, որտեղ առաջարկվում են բժշկական խորհրդատվություններ, հանքային ջրով լոգանքներ, ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա և այլն:Ծաղկաձոր
Ծաղկունյաց լեռներում գտնվող այս հիանալի ու գեղատեսիլ վայրը ամռան ամիսներին հիացնում է իր հարուստ բուսական աշխարհով, ինչի համար էլ հավանաբար կոչվել է Ծաղիկների ձոր՝ Ծաղկաձոր: Ծաղկաձորն ամբողջ աշխարհում հայտնի է որպես Հայաստանի լավագույն լեռնադահուկային կուրորտներից մեկը, որն ունի տարբեր բարդության 15 սահուղիներ: Նոյեմբերի վերջից մինչև ապրիլի կեսերն այստեղ են գալիս էքստրեմալ սպորտի սիրահարերը՝ նյարդերը խտղտելու, իրենց խիզախությունն ստուգելու և ադրենալինով լիցքավորվելու համար:
Ծաղկաձորում հանգստանալը բարենպաստ է ազդում առողջության վրա, և մեկ անգամ այստեղ լինելով՝ ցանկություն է առաջանում էլի ու էլի վերադառնալ այստեղ, կտրվել առօրյա հոգսերից ու քաղաքի թոհուբոհից, հանգստանալ հոգով ու մարմնով:
Դիլիջան
Դիլիջանը լեռնային բալնեոլոգիական կուրորտ է՝ Երևանից 100 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրույան վրա: Քաղաքն ունի ազգային պարկի կարգավիճակ, շրջակայքում բավական շատ են երկաթով ու սիլիկատներով հարուստ հանքային աղբյուրները: Բուժիչ հանքային ջուրն ըմպելի է, օգտագործվում է նաև խմելու համար: Դիլիջան քաղաքում և շրջակայքում շատ են հանգստյան տներն ու առողջարանները, որտեղ կարելի է ոչ միայն հանգստանալ, այլև բարելավել առողջական վիճակը (ոսկրերի ու թոքերի տուբերկուլոզի, ստամոքսաղիքային հիվանդությունների, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի բուժում):
Դիլիջանը հայտնի է իր զարմանալի բնանկարներով ու բնությամբ: Դիլիջանի գլխավոր տեսարժան վայրերից են Հաղարծին վանական համալիրը և Գոշավանքը, Պարզ լիճը և էքստրիմ պարկը:
Ջերմուկ
Հայաստանի հանքային կուրորտները քաջ հայտնի են զբոսաշրջիկներին: Ամենահայտնիներից մեկը Ջերմուկն է՝ հանքային աղբյուրներով հարուստ հանգստյան և առողջարանային գոտին: Ջերմուկի առողջարաններում զբաղվում են մաշկային, հենաշարժիչ համակարգի, միզասեռական համակարի, մարսողական և սիրտանոթային համակարգերի, շնչառական օրգանների հիվանդությունների՝ այդ թվում և տուբերկուլյոզի բուժմամբ:Ջերմուկի առողջարաններում առաջարկում են՝
- Հանքային ջրով լոգանքներ.
- Հիդրոմերսում.
- Ստամոքսի լվացում և հիդրոկոլոնոթերապիա (հաստ աղու մաքրում).
- Մագնիսաթերապիա.
- Լազերաթերապիա.
- Պարաֆինաթերապիա.
- Թթվածնային բուսական կոկտեյլներ:
Ջերմուկում կլիման մեղմ է, բնությունը հարուստ է ու չափավոր խոնավ: Այստեղ գալիս են վայելելու բնությունը, մաքուր օդ շնչելու և կազդուրվելու համար: Ջերմուկի հիմնական տեսարժան վայրը հանքային ջրի աղբյուրներն են ու Ըմպելասրահը, որտեղ կարելի է ճաշակել 35-55 աստիճան ջերմություն ունեցող հանքային ջուրը:
Ամփոփենք
Եթե մոտ ապագայում արձակուրդ եք պանավորում ու չգիտեք որտեղ կամ ինչպես անցկացնել հանգիստը, ապա հեռու մի՛ գնացեք, քանի որ Հայաստանում ցանկացած սեզոնի կարելի է արդյունավետ հանգստանալ: Մեր հայրենիքի չքնաղ բնությունը, պատմամշակութային հուշարձաններն ու հանգստյան գոտիները ընձեռում են լիարժեք հանգստի բոլոր հնարավորությունները: Իսկ հանգստյան տների ու առողջարանների ընտրության հարցում կարող եք օգտվել մեր կայքից, քանի որ մեզ մոտ նշված են բոլոր գները, հարմարություններն ու նկարագրերը:
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: