Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Սաղմոսավանք

Սաղմոսավանքը գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:
Ս. Սիոն եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր, սրահավոր եկեղեցիների տիպին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է: Մուտքը արևմտյան կողմից է: Բարձր գլանաձև թմբուկը և կոնաձև վեղարով գմբեթը եկեղեցուն հաղորդում են սլացիկ տեսք:
Գավիթը գտնվում է գլխավոր` Ս. Սիոն եկեղեցու արևմտյան կողմում: Կառուցել է Վաչե Վաչուտյանը 1215-1235 թթ.: Քառասյուն կառույց է: Ուշագրավ է գավթի ծածկի համակարգը, որը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից է:
Գրատուն–եկեղեցին տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավարևելյան կողմում: Կառուցել են Քուրդ Վաչուտյանը և իր կին Խորիշահը 1255 թ.` իրենց վաղամեռիկ դստեր` Մամախաթունի հիշատակին: Հատակագծային հորինվածքով տարբերվում է նույն դարաշրջանի մյուս գրատներից: Արևելյան կողմում ունի խորան, իսկ պատերում` խորշեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է:
Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Ս. Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատին կից: Կառուցվել է 1235 թ.: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ շինություն է:
Գերեզմանատունը գտնվում է վանական համալիրից հյուսիս, որտեղ կան XIII-XIV դդ. ուշագրավ խաչքարեր և խաչքար-կոթողներ:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: