Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Ս․ Փարաջանովի թանգարան

Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:
Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: 

Թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին: Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: 
Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի:
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:
Գոյության 27 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 64 ցուցահանդես 30-ից ավել երկրներում, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում, Բրազիլիայում, Կանադայում, Վիլնյուսում, և այլուր:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: