Զվարթնոցի տաճար
Զվարթնոցը հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է։ Գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. "Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։
Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։
Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։
Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։
1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։
1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին. ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են]:
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: